- 374 10 655930
- info@oha.am
- Երևան, Ա. Արմենակյան 108/4
«ՄԵԿ ՍԻՐՏ-ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամը պաշտոնապես գործում է 24.07.2024թ.-ից
Հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանում սրտաբանության և սրտային վիրաբուժության մասնագիտական զարգացմանը, օգնել մանկական սրտային վիրաբուժության ծառայությանը ձեռք բերել սիրտ-անոթային հիվանդություններով երեխաների հետազոտման և բուժման համար անհրաժեշտ առավել արդյունավետ և ժամանակակից սարքավորումներ, ինչպես նաև ֆինանսապես աջակցել սիրտ-անոթային հիվանդություն ունեցող երեխաների ու սրտի բնածին արատով ցանկացած տարիքի հիվանդների ընտանիքներին վճարովի դժվարամատչելի հետազոտությունների կամ բուժումների անհրաժեշտության դեպքում։
Հիմնադրամի շահառուներն են համարվում սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մանուկները և սրտի բնածին արատ ունեցող ցանկացած տարիքի բուժառուները։
Համագործակցության հուշագրի շրջանակներում հիմնադրամը իր կանոնադրական նպատակներն է իրականացնում «Նորք-Մարաշ» ԲԿ-ի հետ, որը Հայաստանում մանկական սրտաբանության և սրտային վիրաբուժության հիմնադիրն է և ունի հարուստ փորձ, մասնագիտական ռեսուրսներ և միջազգային հեղինակություն:
30 տարի առաջ «Նորք-Մարաշ» ԲԿ սկսել է իր գործունեությունը Հայաստանում սրտի բնածին արատով երեխաների կյանքը փրկելու նպատակով և մինչ օրս նվիրաբար ծառայում է այդ նպատակին։
Մանկական սրտային վիրաբուժության ծառայությունը իր գործունեությունն սկսել է 1994թ. հունիսին: Ամերիկյան համահայկական հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ տարեկան վիրահատվել են սրտի բնածին արատներով 150-170 երեխաներ:
Սրտի բնածին արատները կազմում են ընդհանուր զարգացման արատների ամենամեծ խումբը։ 100 կենդանածիններից 1-ը ունենում է սրտի բնածին արատ։
Սրտի բնածին արատների մեծամասնության դեպքում անհրաժեշտ է լինում վիրահատական միջամտություն, բարդ արատների դեպքում շտկումը բազմափուլ է (միջինը 2-3 վիրահատություն)։ Նորածնային տարիքում կատարված վիրահատությունների ներվիրահատական ու վաղ հետվիրահատական բարդությունների ռիսկը բարձր է և նրանց ներհիվանդանոցային բուժումը կարող է տևել ամիսներ։
Սրտի արատով բուժառուներին հաճախ անհրաժեշտ են լինում տարբեր դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ կյանքի տարբեր փուլերում։
Հաշվի առնելով, որ տարեցտարի ավելանում է նորածնային տարիքի երեխաների և բարդագույն վիրահատությունների թիվը, որոնց դեպքում ներհիվանդանոցային բուժումը շատ ավելի երկարատև է, պահանջվում են լրացուցիչ միջոցներ և ռեսուրսներ:
Ներկայումս պետպատվերի գումարը նաև հնարավորություն չի տալիս զարգացման ծրագրերի ներդրումներ կատարելու:
Երբեմն, ցավոք, պայքարը ապրելու համար սկսվում է կյանքի առաջին իսկ վայրկյանից: Սրտի բարդ արատների դեպքում այդ պայքարի վերջնակետին հասնելու համար ոչ միշտ է, որ միայն երեխայի ու բժշկի համառությունը և ծնողների սերն ու աղոթքները բավարար են լինում: Շատ հաճախ այդ ճանապարհին առաջանում են խնդիրներ, որոնք երբեմն ստեղծում են անլուծելի իրավիճակներ բժշկի և երեխայի համար, օրինակ, տարբեր բժշկական ժամանակակից սարքավորումների առկայություն պայքարը շարունակելու համար կամ դժվարություններ ծնողների և պետության համար տարբեր թանկարժեք, իսկ երբեմն նաև ոչ այդքան թանկարժեք, բայց տվյալ ընտանիքի համար դժվարամատչելի դեղորայքի ձեռքբերման համար:
Այս հիմնադրամը ստեղծվել է հանուն մեկ նպատակի՝ առավելագույնս աջակից լինել այն ընտանիքներին, ովքեր ունեն այդ օգնության կարիքը, օգնություն, որը յուրաքանչյուրիցս հնարավոր է վերցնի մեկ գավաթ սուրճի գումար, բայց արժենա մի ամբողջ կյանք, գումար, որ կօգնի ցավի և անհանգստության մեջ գտնվող ընտանիքին շարունակել աղոթել հանուն իրենց փոքրիկի սրտի բաբախի:
Եկե՛ք յուրաքանչյուրս մեր ուժերի ներածին չափով օգնենք Հայաստանում ավելի զարգացնել մանկական սրտաբանությունն ու սրտային վիրաբուժությունը՝ հնարավորություն ընձեռելով մեր մանուկներին և նրանց ընտանիքներին ունենալ ավելի որակյալ և երջանիկ կյանք:
Copyright © 2024 Մեկ-Սիրտ Հայաստան հիմնադրամ | Բոլոր իրավունքները պաշտպանված են